Pod Drahou 278, 289 11 Pečky, ok. Kolín +420 775 516 283, (+37493)960165-watsapp, viber, mesenger info@armczech.org

Հայ-չեխական հարաբերությունները զարգացման նոր մակարդակ տեղափոխելու համար 2017-ին ստեղծվել է «Հայ-չեխական համագործակցության կենտրոն» հիմնադրամը, որը երկու մայրաքաղաքների միջև մշակութային ու գործնական կամուրջների ստեղծման առաքելություն ունի։ Հայ և չեխ ժողովուրդները 25 տարվա դիվանագիտական հարաբերություններ ունեն, այս կենտրոնն էլ փորձում է է՛լ ավելի խորացնել երկուստեք հարաբերությունները տարբեր բնագավառներում:

Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է՝ գլխավոր նպատակ ունենալով հայոց լեզվի և չեխերենի պաշտպանությունն ու պրոպագանդումը, Հայաստանի և Չեխիայի մշակութային ներուժի և ժառանգության պահպանումը: Հիմնադրամը նաև նպաստելու է ներդրումների ներգրավմանը, արտահանման խթանմանը, տարածքային զարգացման ծրագրերի իրականացմանն ու զբոսաշրջության զարգացմանը: «Մենք ապահովում ենք առավելագույն արագ և հարմարավետ ադապտացիա ՉՀ-ում և ՀՀ-ում: Հեշտացնում ենք բյուրոկրատական գործընթացները, նպաստում ենք մշակութային և գործարար կապերի զարգացմանը: Մեր նպատակը շահույթ չի հետապնդում: Մեր նպատակն է օգնել և աջակցել անհատներին իրենց նպատակների իրականացման հարցում: Մենք գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների հաշվին կարողացել ենք ձևավորել ամենամատչելի գները բոլոր ծառայությունների համար: Աշխատում ենք բոլոր խավերի հետ անխտիր: Փորձում ենք մեր հնարավորությունների սահմաններում օգնել բոլորին»,— մեզ հետ զրուuցում ասաց հիմնադրամի հիմնադիր տնօրեն ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ, հավելելով, որ իրենք համալիր ծառայություններ են մատուցում՝ տեղեկատվական, բիզնես, կրթական, միգրացիոն, անշարժ գույքի, իրավաբանի և փաստաբանի, թարգմանչական, վիզա, տուրիստական, փաստաթղթերի ձևակերպում:

Մշակութային և կրթական ուղղվածությունը բավականին ընդգրկուն է: Բացի հայերենի և չեխերենի պրոպագանդումից, «Հայ-չեխական համագործակցության կենտրոնը» նպատակ ունի նաև հայ գրականությունը հասանելի դարձնելու չեխ ժողովրդին, իսկ չեխական գրականությունը՝ հայալեզու ընթերցողին: Երիտասարդների համար ևս լավ հնարավորություն է ստեղծում հիմնադրամը՝ հնարավորինս մատչելի դարձնելով եվրոպական կրթությունը: Չեխիայում ծնված հայ փոքրիկներն էլ հնարավորություն կունենան ծանոթանալու մայրենի լեզվին, գրականությանը, պատմությանը և մշակույթին: Գիտակրթական, տեղեկատվական և զբոսաշրջային սեզոնային ճամբարները, որոնք երեխաների և նրանց ծնողների համար կազմակերպվում են տարեկան 4 անգամ, ունեն ճանաչողական նպատակ:

Ի դեպ, գիտակրթական կոնֆերանսների և ֆորումների կազմակերպումը ևս կարևորված է: Հերթականը տեղի կունենա հոկտեմբերի 16-18-ին՝ Պրահայում, և նպատակ ունի զարգացնելու միջբուհական կապերը Հայաստանի, Չեխիայի, ԱՊՀ երկրների և Չինաստանի բուհերի միջև: Հիմնադրամը ծրագրեր է իրականացնում նաև պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և գործարարների միջև համագործակցության, համատեղ նախագծերի իրագործման, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը միտված ծրագրերի կենսագործման, զբոսաշրջության, փոքր և միջին բիզնեսի խթանման, Հայաստանում բնակվող չեխերին և չեխ զբոսաշրջիկներին, ինչպես նաև Չեխիայի Հանրապետությունում բնակվող հայերին և հայ զբոսաշրջիկներին անվճար իրավաբանական խորհրդատվության տրամադրման, անապահով խավերի, հասարակության խոցելի խմբերի, կարիքավոր ընտանիքների, հաշմանդամների, որբ և ծնողազուրկ երեխաների, ինչպես նաև ծերանոցների, մանկատների, հոգեբուժարանների գործունեությանն օժանդակելու բարեգործական ծրագրերի իրականացման ուղղությամբ:

«Մտահղացումները բազմաթիվ են, աշխատելու և երկկողմ հարաբերությունները զարգացնելու ցանկությունը՝ նույնպես, սակայն կա մի մի հսկայական բաց՝ պետության ամբողջական կառուցվածքը, չնայած շատ մեծ է, սակայն նաև մեկուսացված վիճակում է և չի համագործակցում անկախ կազմակերպությունների հետ, քիչ է համագործակցում կամ ձևականորեն, և այդ անդունդը, ավաղ, գնալով մեծանում է: Այդ մշակույթը ձևավորված չէ: Պետական համակարգի հետ մշտական ինստիտուցիոնալ համագործակցության բացակայությունը, իհարկե, ազդում է մեր արդյունքի վրա»,-եզրափակեց Արմենուհի Սաղաթելյանը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Սկզբնաղբյուր` www.irates.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով